ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ին, իբրև թե, հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը:
Նաղդալյանը նախ նշել է, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ»,- ասել է ԱԳՆ խոսնակը: