Ամբողջ գիշեր հրթիռակոծվել են Ստեփանակերտը և այլ բնակավայրեր, կան ավերածություներ, բայց մեր ժողովուրդն իր կամքը և վճռականությունը չի կորցրել, կանգնելու ենք մինչև վերջ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Ստեփանակերտը կա և կլինի: Պետք է խուճապ չլինի, դա վնասելու է մեզ»,- ասաց նա:
Դ.Բաբայանը նշեց, որ ակտիվանում է միջազգային ներգրավվածությունը: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, ցույց են տալիս, որ շատ շուտով ճնշումներ կլինեն Ադրբեջանի և Թուրքիայի վրա: Իհարկե, ըստ նրա, ամենամեծ ճնշումը հայկական բանակի ճնշումն է:
Նա հայտարարեց, որ կան լավ լուրեր առաջնագծից՝ հակառակորդը մեծ կորուստներ է տվել, մեծածավալ հարձակման փորձը ձախողվել է, մեծ ստորաբաժանումներ են վերացվել: