Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Այս մասին ասվում է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ:
«Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը:
Մարտերի ընթացքում ոչնչացվել են մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա:
ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավարևելյան ուղղությամբ:
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուքային նյութերի խոշոր պահեստ:
ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման»,- ասվում է հաղորդագրության մեջ: