Այսօր ժամը 17.00-ի դրությամբ հավաքվել է 66 միլիոն դոլարից ավելի գումար: Այդ մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը:
Նա նշեց, որ սա համազգային և համամարդկային ջանքի համախմբում է՝ ընդդեմ անարդարության և հանուն արդարության հաղթանակի:
«Միայն Լոս Անջելեսի հայ համայնքից այսօր ստացել ենք 3 միլիոն դոլարի խոստում»,- հայտնեց Արշամյանը:
Նա կրկին նշեց, որ այս դրամահավաքը մեր թիկունքի ամրապնդման համար է: «Ինչքան ամուր լինի թիկունքը, այդքան ամուր կլինի մեր քույրերի և եղբայրների ոգին Արցախում»,- ընդգծեց հիմնադրամի նախագահը:
Արշամյանը վստահեցրեց, որ գումարները տնօրինվում են Հայաստանի և Արցախի կառավարությունների համաձայնությամբ, հիմնադրամն ինքնուրույն դրանք տնօրինել չի կարող:
«Անհասկանալի և անվերահսկելի է, թե ինչ նպատակներով են օգտագործվելու «Հայաստան» հիմնադրամից և «Զինծառայողների աջակցության հիմնադրամից» այլ խողովակներով իրականացվող դրամահավաքների միջոցները, ուստի կոչ եմ անում գումար փոխանցել միայն այս երկու աղբյուրով»,- ասաց նա: