Թուրքական գործոնը փոխեց աշխարհաքաղաքականությունը։ Եթե հիմա խնդիրը հիմնովին չլուծվի, ուրեմն ապագայում արդեն ամբողջ Կովկասի խնդիրը լուծելու առաջ ենք կանգնելու։ Տարածաշրջանն ապակայունացնելու պատասխանատուները պիտի պատժվեն՝ ասում է Ստանիսլավ Տարասովը:
Ստանիսլավ Տարասով (Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ) -
«Թուրքիան դժվար իրավիճակում է հայտնվել: Մեր հաշվարկներով՝ Թուրքիան հույս է դնում բլից-կրիգի վրա։ Ադրբեջանցիները սցենարով, այսպես ասած, «հակահարձակում» էին նախապատրաստել, իրենց հաշվարկներով՝ պետք է բեկում անեին 200-300 կմ՝ վերցնելով գոնե 1-2 շրջան։ Նրանց չհաջողվեց ճեղքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության սահմանը, նրանք մխրճվել են լեռներում ու մնացել, մեծ կորուստներ են կրում: Իրենց առջև դրված խնդիրը նույնիսկ միջին պլանով չեն կատարել»։
Այն, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի Արցախի դեմ, ի տարբերություն 2016-ի ապրիլի, անսպասելի չէր ոչ մեկի համար՝ հաշվի առնելով Ալիևի հռետորաբանությունը:
Ստանիսլավ Տարասով - «Մոսկվայում մենք գիտեինք, որ պատերազմ է սկսվելու։ Բայց հարցն այն է՝ ինչո՞ւ Ալիևը գնաց այդ քայլին՝ հենց այս պահին Թուրքիայի հետ միանալով, և ինչու հենց հիմա որոշեց Պուտինին տրված պատերազմ չսկսելու խոսքը դրժել»։
Փաշինյան-Պուտին հեռախոսազանգեր, ԱԳՆ մակարդակով մշտական կապեր կան բոլոր կողմերի հետ, բայց հեռախոսային կապ առ այսօր չի եղել Պուտինի և Ալիևի միջև։ Ադրբեջանի ղեկավարը կդիմի Վլադիմիր Պուտինին այն ժամանակ, երբ հասկանա, որ այլևս ռեսուրսներ չունի։ Իսկ ռազմական փորձագետ Կոնովալովը վստահ է՝ պատերազմ սանձազերծող Ադրբեջանն արդեն սպառել է իրեն և հնարավորությունները
Իվան Կոնովալով (Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ) - «Իրավիճակը պիկին է հասել, ակնհայտ է, որ հարձակվող կողմը՝ Ադրբեջանը, չունի բավականաչափ ռեզերվ որևէ լուրջ հաջողության հասնելու համար։ Առաջին օրվա պահը բաց են թողել։ Եվ ուրեմն պետք է ընդունեն ռազմաքաղաքական իրաակնությունն ինչպիսին այն կա, պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և բնականաբար դա տեղի կունենա»։
Մարտի դաշտում իրավիճակն Ադրբեջանի համար այնպիսի ընթացք է ստացել, երբ եկել է բանակցությունների ժամանակը։ Հաշված օրերից կմոտենանք կրակի դադարեցման նոր համաձայնագիր կնքելու պահին։ Ադրբեջանի կողմից արդեն սկսել են հնչել բանակցությունների մասին հայտարարություններ, դե իհարկե որոշակի նախապայմաններով, բայց սա ազդանշան է, որ մի քանի օրից դիրքորոշումը ևս կփոխվի ու ստիպված կսկսեն համաձայնության եզրեր փնտրել, ասում է փորձագետը։ Եթե հանկարծ ռազմական գործողությունների թատերաբեմն ընդարձակվի՝ ներառելով Հայաստանը, ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը կսկսեն գործել։ Ռուսաստանն առայժմ ձեռնարկում է զգուշավոր քայլեր՝ կողմերին ինչ-որ համաձայնության բերելու համար, ասում են փորձագետները։ Հիմա ամեն ինչ կախված է լուրջ կազմաձևումներից։ Ռուսաստանը հետևում է, ելույթ է ունենում, կոչ է անում, բայց կարող է նաև պատժել։ Պատերազմն այլ բնույթ է ստանում։
Ստանիսլավ Տարասով - «Թուրքերը հասկանում են, որ իրենք անուղղակիորեն բախվում են Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում։ Իսկ մենք՝ Ռուսաստանը, ունի Սիրիա, Լիբիա, մենք միշտ էլ կարող ենք պատժել թուրքերին և մենք կգտնենք՝ դա որտեղ անել»։
Թուրքիան, ակնհայտորեն, Ադրբեջանին հրահրեց պատերազմի։ Էրդողանը հույս ուներ ճնշում գործադրել Պուտինի վրա, Ալիևին մի կողմ թողնելով՝ սկսեց խոսել մեկ-միասնական պետության մասին։ Ամենայն հավանականությամբ, նա փորձում է Կովկասը որպես խաղաքարտ օգտագործել Սիրիայում կամ Լիբիայում՝ եզրակացնում է փորձագետը։ Բայց այս անգամ էլ հնարավոր է, ինչպես 20-ականներին, թուրքերն առանց կռվի հանձնեցին Ադրբեջանը բոլշևիկներին, այնպես էլ հիմա Ալիևին առանց կռվի կհանձնեն։
Ստանիսլավ Տարասով - «Հայերի համար սա սրբազան պատերազմ է, ադրբեջանցիների համար ընդամենը ռեվանշ, պայքար ներքին իշխանության ամրապնդման համար, աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Հաղթում է նա, ում ոգին ուժեղ է, իսկ հայերը լավ մարտիկներ են։ Ռազմական փորձագետների գնահատականներով, ինչպես Սիրիայում ու Լիբիայում թուրքական բանակը, ադրբեջանականն էլ Ղարաբաղում դեռ այնքան պատրաստ չէ բարձր մակարդակի ռազմական գործողություններ իրականացնել»։
Եթե այս կոնֆլիկտը հայտարարվի ահաբեկչական, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները կարող են Անվտանգության խորհրդի միջոցով անցկացնել բանաձև և դաս տալ նրանց՝ պատժամիջոցներ կիրառելով։ Իրավական ճշմարտությունը Հայաստանի կողմն է և Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, իրավունք ունի օգտվել այս իրավիճակից։
Կոնովալով - «Այն, որ Էրդողանը ներքաշեց Սիրիայի վարձկաններին Ղարաբաղ, նոր իրականություն ստեղծեց, և սրա համար Բաքուն ու Անկարան ստիպված կլինեն պատասխան տալ։ Դա կպահանջի միջազգային հանրությունը։ Ղարաբաղյան հակամարտության ֆոնին Էրդողանը ձգտում է ազդեցության նոր մեխանիզմներ ձեռք բերել և Ռուսաստանի և Միացյալ նահանգների և Եվրամիության վրա ազդելու համար, բայց կարծում եմ դա չի հաջողվի, որովհետև իրավիճակը վերածվել է հումանիտար աղետի։ Նորից զոհվում են խաղաղ բնակիչներ։ Հիմա արդեն համաշարհային ընդհանուր մոտեցում է՝ Բաքվի ոտքերը Անկարայից են աճում, բոլոր պահանջներն ուղղվում են նրա դեմ։
Հիմա Հայաստանը կարող է բարձրացնել Արցախը բանակցային գործընթացում ներառելու պահանջը, որի հնարավորությունը բաց էր թողել 2016-ին, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց չպատժել հակառակորդին, ասում է Տարասովը։ Ադրբեջանը ցանկանում է Արցախն առանց ժողովրդի, ինչպես 19-րդ դարում, երբ Թուրքիան իրագործեց հայերի ցեղասպանությունը, սակայն այդ ֆենոմենը կրկնել նրանք չեն կարողանա։