ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց, որ այսօր, երբ Թուրքիայի արտգործնախարարը ժամանեց Բաքու, այնտեղից հետևեց հայտարարություն, թե Ադրբեջանը շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:
«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին գնալ ռազմական գործողությունների շարունակությանը: Չավուշօղլուն, ըստ էության, ասել է, որ հրադադարը որևէ նշանակություն և իմաստ չունի: Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմերից, քննարկումներից դուրս է: Այն, որ մենք այսօր կռվում ենք մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ, ևս փաստ է:
Համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը էքզիստենցիալ անվտանգության և ապրելու իրավունքի մասին է, բայց նաև այժմ խոսքը ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որը հստակ աջակցություն է ստանում Թուրքիայից»,- նշեց պատգամավորը: