Հայաստանում հոկտեմբերի վերջին նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխազդեցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները հետաձգվել են, ընթանում է նոր ժամկետների և անցկացման վայրի համաձայնեցում: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները, որոնք նախատեսված էին այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի տարածքում, հետաձգվել են: ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է այդ զորավարժությունների անցկացման վայրի և ժամկետների հարցը»,- ասել է Զայնետդինովը՝ նշելով, որ դրանք հետաձգվել էին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Այդ զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբեր 27-30-ը:
ՀԱՊԿ քարտուղարը նաև տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանը չի մասնակցի «Անխախտ եղբայրություն 2020» զորավարժություններին, որը կկայանա Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը: Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ հայկական կողմից հարցում է եկել այդ զորավարժությանը չմասնակցելու մասին:
ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է՝ արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղված իրավիճակից ելնելով՝ ՀԱՊԿ-ին տեղեկացվել է, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժությանը: