ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս շարունակվող արյունահեղությունը՝ ասված է ԵԱՀԿ ԽՎ հաղորդագրության մեջ:
Ծերեթելին կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հանուն քաղաքացիական բնակչության: Նախորդ շաբաթ նա կապ էր հաստատել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, ընդգծել ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը ու կոչ արել երկու կողմերին` վերսկսել բանակցային գործընթացը:
«Մենք, ինչպես նախկինում, լրջորեն մտահոգված ենք հակամարտության գոտում զոհերի թվի ավելացման մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ունեցած հետևանքներով, որոնք, չնայած քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորություններին,տառապում են շարունակվող ռազմական գործողություններից»,- հայտարարել է Ծերեթելին:
Գեորգի Ծերեթելին ընդգծել է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև այդ երկրների նախագահների ու արտաքին գործերի նախարարների կոչերին՝ դադարեցնել կրակը։