Այսօր կայացել է Ռուսաստանի Դաշնության ու Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության կայքում:
Մոսկվան ու Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ: Կողմերն ընդգծել են Սիրիայից ու Լիբիայից անօրինական զինված խմբավորումների արմատական գրոհայինների՝ հակամարտությանը ներգրավվելու վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չլինելու փաստը, որը պետք է սկսվի առանց նախապայմանների կրակի դադարեցմամբ:
Սերգեյ Լավրովն ընդգծել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռահամանախագահների շրջանակներում` տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման ուղղությամբ: Նախարարները կրկին շեշտել են այն կարևոր դերը, որը կարող են խաղալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան պետությունները: