Երևանի 78-րդ դպրոցում առավոտից իրարանցում է: Ուրախ են, հպարտ, սպասողական, հուզված... Ֆիզկուլտուրայի ու երաժշտության ուսուցիչներն են վազելով ծաղիկներ բերում: Ընկեր Սարիբեկյանը շուտով կհասնի... շունչները պահած են սպասում նրան: Ահա նա, ընկեր Սարիբեկյանը՝ դպրոցի համեստ ու հայրենասեր ուսուցիչը, որ լույս աշխարհ է բերել ու դաստիարակել է Արցախի հերոսին:
Երեկ համացանցը պայթեցրեց լուրը Արցախի նոր, մերօրյա հերոսների մասին, որոնք այսօր էլ շարունակում են առաջնագծում Հայրենիքի պարտքը տալ: Անահիտ Սարիբեկյանն Արցախի հերոս Էդգար Մարկոսյանի մայրն է, որի մասին ինչ կատակներ ասես, որ չէին պտտվում. տղան տանը չէր ասել, թե որտեղ է, այն էլ Արցախի նախագահը բացահայտեց, անսպասելի հերոսի կոչում շնորհեց:
Ծափերը չէին լռում, արցունքները չէին դադարում: Պատերազմի սկզբից մինչև երեկ Էդգարի մայրը տղայից ոչ մի լուր չուներ: Այդ լուրն էլ նրան ավելի հեռուն է տարել. ուրեմն ինչ օրեր է ապրել Էդգարը, բայց հիմա դրա ժամանակը չէ, կոլեգաները, աշակերտները թույլ չեն տալիս տխրել: Սա այն դպրոցն է, որտեղ նաև Էդգարն է սովորել:
Էդգարն ընտանիքին ասել էր, որ մարտական պատրաստության են մեկնում: Սերժանտը, իբր, նորակոչիկներին իր փորձն էր փոխանցելու:
Անահիտ Սարիբեկյան (Արցախի հերոս Էդգար Մարկոսյանի մայրը) - Քանի օր էր՝ սպասում էինք լուրի, մինչև այդ ինքը զանգել ասել էր, որ ապահովության համար տանում են ապաստարան, էվակուացնում են, որ դուք հանգիստ լինեք: Ես էլ մտածում էի՝ ինքը շատ լուրջ զենք ա տիրապետում, ո՞նց կլինի չգնա:
Ասել էր՝ ապահով տեղում է: Պարզվեց՝ ապահով տեղը հրետանու մոտ էր՝ առաջնագծում: Էդգարը Թալիշի ուղղությամբ 10 տանկ է խոցել:
Անահիտ Սարիբեկյան - Ինքը ինձ պարտավորեցրեց: Մինչև այդ ես էի իրեն պարտավորեցրել: Այս դպրոցից սկսած, այս կնոջ դաստիարակությամբ՝ տիկին Միրզոյանի, ամեն երկուշաբթի հիմնով են սկսվել մեր դպրոցի դասերը: Տանը զինվորական քեռու դասերը, հետո՝ էս դպրոցի:
Այն, որ Էդգարը հերոս կարող էր դառնալ, դպրոցում չէին էլ կասկածում: Համեստ, աշխատասեր, քաջ, նվիրված՝ բոլորին: Հայաստանի ու Արցախի հերոսների սենյակն ու պաստառները դպրոցում վերջերս էին թարմացրել, վերջին հերոսների լուսանկարներն են փակցրել: Փաստորեն շտապել էինք՝ ասում են...
Օվսաննա Վարդանյան (Երևանի 78-րդ դպրոցի ուսուցիչ) - Որովհետև նոր հերոսներ ունենք, էդ հերոսների շարքում իր առանձնահատուկ տեղն է այլևս ունենալու մեր դպրոցի սանը, մեր սիրելի աշակերտը: Բոլոր զինվորներին, մեր քաջերին առողջություն եմ մաղթում:
Թիկունքում որևէ մեկը մեր բանակի հաղթանակին չի կասկածում՝ ասում են ուսուցիչները: Էդգարի դասղեկը դասերը տղաների սխրանքների մասին պատմություններով է սկսում:
Կարինե Դավթյան (Երևանի 78-րդ դպրոցի ուսուցիչ) - էս դասասենյակում սովորել է, ռազմահայրենասիրական դաստիարակություն է ստացել:
Ծնողներին օգնելու համար Էդգարն աշխատել է սկսել դեռ դպրոցական տարիներից: Հետո ընդունվել է համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ՝ անվճար: Ասում են՝ գերազանցիկ ու անվճար հիմունքներով սովորող տղան բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ունեցել է, որ թիկունքում ծառայեր հայրենիքին, բայց նման բան չէր կարող լինել:
Անահիտ Սարիբեկյան - Կանգնեց ասեց՝ ի՞նչ եք խոսում, ես բանակ եմ գնալու, իմ մասնագիտությունը էն մասնագիտությունն է, որ զինվորական գրքույկը ինձ անձնագրից առավել շատ է պետք գալու ողջ կյանքում:
Կրթության նախարարությունն այսօր Ուսուցչի տոնի կապակցությամբ մեդալներով է պարգևատրում այն կրթական հաստատությունները, որտեղ սովորել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից երեկ Արցախի հերոսի կոչման արժանացած զինծառայողները՝
Դավիթ Լյովայի Գրիգորյան - Արմավիրի մարզի Սարդարապատի հիմնական դպրոց
Էդգար Էդվարդի Մարկոսյան - Երևանի 78-րդ հիմնական դպրոց
Յուրա Հայկարամի Ալավերդյան - Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ
Գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյան - Արցախի Հանրապետության Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի հիմնական դպրոց
Դավիթ Վանիկի Ղազարյան - Վեդու 1-ին հիմնական դպրոց:
Էդգարի մայրը հիմա միայն աղոթում է, որ խաղաղ երկնքի տակ որդին ու բոլոր զինծառայողները տուն վերադառնան ու իրենց նման շատ զավակներ ունենան:
Էդգարը դեռ անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չի ունեցել, շատ էր պետք աշխատել, տուն է ուզում գնել, որ ընտանիքը վարձով չապրի: Տիկին Անահիտն անհամբեր սպասում է. «Թող շուտ վերադառնա ու իրեն արժանի կեսին գտնի, ինձ նման՝ թող 4-5 զավակ ունենա»: