ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին խոսքը հղեց Հայաստանից դուրս բնակվող ազգությամբ հայ սպաներին, շարքայիններին, որոնք ծառայել են հատուկ ստորաբաժանումներում և ունեն մասնագիտական գիտելիքներ:
Նա ներկայացրեց իրավիճակն Արցախում՝ նշելով, որ պաշտպանության բանակը պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի և պրակտիկ մասնակցության դեմ, իսկ ինֆորմացիոն հարթակներում տեղեկատվական պատերազմ է ընթանում:
«Թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները, լրագրողներին՝ Ադրբեջանի գործողությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը: Անտեսելով միջազգային հանրության կոչերը՝ Ադրբեջանը շարունակում է իրականացնել ռազմական հանցագործություններ՝ տապալելով բոլոր միջազգային նորմերը»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ թշնամուն կարող են հեռահար մտադրություններից հրաժարվել ստիպել միայն պատժիչ գործողություններով: Քոչարյանը նշեց, որ 1994-ի զինադադարը հենց այդ գնով է պարտադրվել և դարձել իրականություն:
«Մեզ պետք է Հայաստանի և Սփյուռքի ողջ ներուժը՝ պատժիչ որակյալ հարված հասցնելու նպատակով: Բանակին պետք են մշտական ինտելեկտուալ աճ և նորագույն զարգացվածություն: Առանց միմյանց անշահախնդիր օգնելու՝ չենք կարող հասնել հաղթանակի, ուստի հորդորում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին աջակցել բանակին ձեր ունեցած մասնագիտական հմտություններով և ռեսուրսով: Ժամանակը սուղ է, այլևս չենք կարող հապաղել: Թշնամուն այս անգամ ջախջախելու ենք միասնական»,- ասաց Ա. Քոչարյանը: