Եվրախորհրդարանի հույն և կիպրացի անդամները կառույցի կիպրացի անդամ Լուկաս Ֆաուրլասի նախաձեռնությամբ ավելացրել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիան անհապաղ դադարեցնելու ճնշումները՝ գրում է Greekcitytimes.com կայքը:
Եվրոպական օրենսդիր մարմնի՝ առանցքային քաղաքական խմբերի 48 անդամներ նամակ են հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելին՝ կոչ անելով դիվանագիտական խոհեմ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի դեմ:
Եվրախորհրդարանականներն իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ:
«Մենք՝ ստորև ստորագրած Եվրախորհրդարանի անդամներս, սարսափած ենք տեղի ունեցածից և Ադրբեջանի զինված ուժերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ»,- ասված է նամակում: