ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարետին ու Հարավային Կալիֆոռնիայի ղեկավարներն իրենց համերաշխությունն են հայտնել Հայաստանին Ադրբեջանի հետ ռազմական գործողություններում: Այս մասին տեղեկացնում է ABC 7-ը:
Քաղաքապետն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչների՝ Լոս Անջելեսում կազմակերպած ցույցերին՝ աշխարհի ուշադրությունը սևեռելով Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը:
«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը դուրս գա սպասողական կեցվածքից ու առճակատվի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և պատասխանատվության ենթարկի նրանց»,- հայտնել է Ադամ Շիֆը:
Ամերիկացի կոնգրեսականը նշել է. «Մենք խիստ ուղերձ ենք հղում Թուրքիային ու Էրդողանին՝ դուք ՆԱՏՕ-ի անդամ եք, սկսեք ձեզ պահել որպես այդպիսիք: Ուղերձ ենք հղում նաև Ադրբեջանին՝ դադարեցրե՛ք ռազմական գործողությունները, հակառակ դեպքում հետևանքներ կլինեն»: