Արցախի նոր հերոսն այս շենքից է: Յուրա Ալավերդյանը թշնամու 9 տանկ, 1 զրահամեքենա է խոցել, արժանացել Արցախի հերոս բարձրագույն կոչմանը:
Լուրը տարածվել է կայծակի արագությամբ: Ընտանիքը որդու հերոսացման մասին լուրն իմացել է նախագահ Հարությունյանի հայտարարությունից՝ հեռուստացույցով:
Երևանի ինֆորմատիկայի քոլեջի ուսանողը երկու տարի սովորել, բանակ է զորակոչվել՝ խաղաղությունն ամեն գնով պաշտպանելու համար: Կգա, կշարունակի ուսումը:
Հայկարամ Ալավերդյան (Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի հայրը) - Շատ հպարտ եմ, սպասում էի... Օգնում էր ուժեղին, թույլին:
Պատվոգրերը, շնորհակալագրերն ու մեդալները մի քանի տասնյակ են: Հրետանավոր Ալավերդյանը փայլել է բոլոր ճակատներում՝ դպրոցում, բուհում, ֆուտբոլում, մրցույթներում: Ոչ մի գիրք բաց չի թողել:
Աննա Ալավերդյան (Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի մայրը) - Ուր ուղարկել եմ՝ իմ տղեն պատվով դուրս ա եկել: Դրա համար հպարտանում եմ, գիտեի, որ բանակում էլ ամեն ինչ կհաղթահարի:
Հերոսի հոր սպասումն է՝ բոլոր տղաները հաղթած տուն վերադառնան:
Ռազմաճակատից հերոս զինվորի ձայնը մեկ շաբաթ անց են միայն լսել, շնորհավորել ու բարի ծառայություն մաղթել:
Հայկարամ Ալավերդյան - Ասաց՝ պապ ջան, տեսար՝ հերոս եմ:
Հակառակորդին դաժան դաս տված զինվորներից մեկն էլ սարդարապատցի Դավիթ Գրիգորյանն է:
Ադրբեջանական 15 տանկ ու հետևակի մարտական 1 մեքենա է ոչնչացրել ու հերոսացել:
Սուսան Գրիգորյան (Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի մայրը) - Հպարտ եմ, օր օրի ավելի, երեկ ավելի քիչ էր, էսօր շատ, ուզում եմ, որ օր առաջ վերջանա... Միանշանակ հաղթելու ենք: Եթե էսօր մեր տղաները կարողանում են հերոսի կոչում ձեռք բերել, ուրեմն հաղթելու ենք:
Այստեղ ևս հեռուստատեսությամբ են իմացել, որ որդին առաջնագծում է և արժանացել է հերոսի կոչման: Հայրն արտագնա աշխատանքի է: Դավիթը հաջողություններ շատ է ունեցել, այս հաղթանակն անսպասելի էր ծնողների համար:
Սուսան Գրիգորյան - Դավիթս, անկեղծ՝ ինքն էլ չի հավատում: Հպարտ ա շատ, 15 տանկ՝ չեմ պատկերացնում ՝ ո՞նց:
Ռազմաճակատում Դավիթի հակատանկային փայլուն գործողությունները հիացրել են նրա մանկավարժներին:
Կյանքի ու մահվան սահմանագծից ստացվող լուրերի մեջ Դավիթի հերոսացման մասին տեղեկությունը բոլորին է ոգևորել:
Հերոսի դպրոցում վստահ են՝ հայրենիքի պաշտպանության գործին սարդարապատցի Դավիթը զինվորագրվել է Երկրորդ Սարդարապատին մասնակցելու վճռականությամբ: