Բնակավայրերի ռմբակոծություններն արցախցիներին միանգամից հուշում են՝ մերոնք ռազմաճակատում հուժկու հարվածներ են հասցնում: Տասներորդ օրն է՝ Արցախի կյանքը շարունակվում է ապաստարաններում:
Խաղաղության մարդիկ կրկին պայքարում են, որ երկինքը խաղաղ լինի: Ուրիշ երկնքի տակ չեն ուզում ապրել՝ ասում են արցախցի կանայք: Կռիվը հողի համար է, ուրեմն պետք է մնալ ու ապրել այս հողում:
94-ամյա Սերգեյ Սարուխանյանը չորրորդ պատերազմն է տեսնում: Թոռները ռազմաճակատի տարբեր ուղղություններում են: Տխուր է, որ չի մասնակցում պատերազմին:
Գոյամարտից 3 տասնամյակ անց արցախցիները նորից ապաստարաններում են: 74-ամյա Ռոզա Ավագյանն ասում է՝ կարևորը կռվող տղաներն են, իրենք կդիմանան ու կսպասեն:
Համայն հայությունն Արցախի թիկունքին է: Այս օրերին շատերն են օգնության ձեռք մեկնում արցախցուն: Այստեղ պատրաստ են ամեն օր հաղթահարել դժվարությունները:
Ապաստարաններում լավ լուրերի են սպասում ռազմաճակատից: Համոզված են՝ հաղթելու ենք համահայկական միասնությամբ: