Հարյուրավոր ավստրալահայեր են ժամանել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերա՝ երկրի կառավարությանը կոչ անելով բարձրաձայնել հայկական տարածքի դեմ ռազմական գործողությունների մասին՝ դրանք անվանելով պատերազմական հանցագործություն: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Շուրջ 500 հայեր հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան մոտ:
«Հարձակումը հարձակում կոչեք, ագրեսորին ագրեսոր կոչեք, և հենց նույն կերպ անվանեք Թուրքիան՝ որպես քաջալերող ու աջակից»,- հայտնել է Ավստրալիայում հայկական ազգային հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը:
«Կանբերան չի կարող սպասողական դիրքում լինել այն ժամանակ, երբ խաղաղասեր հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվում հայոց հողում»,- ասել է Կայսերյանը:
Անցյալ շաբաթ Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնն իր մտահոգությունն էր հայտնել այս կապակցությամբ ու կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել ու աջակցել հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը միտված բանակցությունների ջանքերին: