Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից մոտ 10 օր անց խորհրդարանական ուժերը հայտարարում են՝ դիվանագիտական հարթակում հայկական կողմի հաջողություններն ակնհայտ են: Միջազգային հանրության ընկալման փոփոխությունները նկատել էին պատերազմի արդեն երկրորդ, երրորդ օրերին:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ահաբեկչական խմբերով ներգրավված է պատերազմի մեջ:
Միջազգային հանրության՝ կրակի անհապաղ դադարեցման կոչերին այս ընթացքում հետևել է ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիվ արձագանքը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հոկտեմբերի 5-ի հերթական հայտարարությամբ ամենավճռական ձևով դատապարտել է բռնության էսկալացիան: Համանախագահող երկրների արտգործնախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադար:
Հայաստանի արձագանքը դրական էր, այժմ պետք է սպասել Ադրբեջանի պատասխանին՝ ասում է Ռուբինյանը: Ի՞նչ է ակնկալում հայկական կողմը ռազմավարական դաշնակից Ռուսաստանից: Այս ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի վարչապետը մի քանի հեռախոսազրույց է ունեցել:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը նշում է՝ հայկական դիվանագիտությունը հասավ նրան, որ միջազգային հարթակներից հնչեցին հայտարարություններ՝ Ադրբեջանն օգտագործում է ահաբեկչական տարբեր խմբավորումներ, որոնք, ըստ Մարուքյանի, մարտահրավեր են նաև տարածաշրջանի երկրների համար:
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի հրադադարի կոչերը իրականություն դառնան:
Վերջին երեք-չորս օրում միջազգային հանրության հռետորաբանության փոփոխության մասին է նշում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը: Ըստ Արման Աբովյանի՝ այժմ պետք է հստակ ապացույցներով աշխարհին ներկայացնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկչական պետություններ են:
Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 6-ին հայտնեց՝ ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։