Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը հրավիրել էր Կալիֆոռնիայի ընտրովի պաշտոնյաներին՝ դաշնային ու նահանգային կոնգրեսականից մինչև քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համատեղ մամուլի ասուլիսի՝ յաջակցություն Արցախի և Հայաստանի։
Փոլ Կրեկորյան (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - «Արցախը վայր է, որտեղ իմ երեխաներն են կնքվել՝ 1000 տարեկան եկեղեցում, որն այժմ ավերման վտանգի տակ է ադրբեջանցիների և թուրքերի կողմից։ Ես այստեղ կանգնած եմ ոչ որպես հայ, այլ իբրև ամերիկյան պաշտոնյա՝ հանրապետական և դեմոկրատական իմ գործընկերների հետ։ Պարտադիր չէ, որ նրանք շատ հարցերում համաձայն լինեն։ Բայց նրաք միասնական ու ուժեղ կանգնած են հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Մենք պահանջում ենք, որ ամերիկյան կառավարությունն անմիջապես վճռականորեն ներգրավվի այս բռնությանը վերջ դնելու համար և պատասխանատվության կանչի Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին՝ այս հանցանքների համար։
Փոլ Կրեկորյանը հույս հայտնեց, որ Վաշինգտոնը կհետևի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի օրինակին և կճանաչի Արցախի ինքնիշխան ու անկախ հանրապետությունը։
Ասուլիսին հեռավար միացած քաղաքապետ Գարսեթին իր հերթին հայտարարեց, որ Արցախի քաղաքներում և գյուղերում ադրբեջանա-թուրքական ներխուժման պատճառով ամեն ժամ թիրախավորվող հայերի կողքին են․
Էրիկ Գարսեթի (Լոս Անջելեսի քաղաքապետ) - «Երբ հայ ընտանիքները ենթարկվում են հերթական հարձակման, ոչ մի խոսք չի կարող թեթևացնել վիճակը։ Միայն ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ կարևոր։ Լոս Անջելեսից՝ իբրև համաշխարհային խաչմերուկ, կոչ ենք անում անմիջապես խաղաղության հաստատման։ Ես կոչ եմ անում Թրամփի վարչակազմին՝ նախաձեռնել վճռական դիվանագիտություն տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Դա պետք է սկսել Ադրբեջանի համոզիչ ագրեսիվ գործողությունների դատապարտման և հակամարտությունից Թուրքիայի հեռացման պահանջով»։
Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնեց, որ խաղաղ բնակչության ռմբակոծումը, համատարած սպանությունները, ագրեսիան, սադրանքը, տարածաշրջանային մեծ պատերազմի վտանգը և այդ ամենին վերջ տալու պահանջը կոնգրեսականները ձևակերպել են բանաձևում։ Շիֆն ասաց, որ վաղուց ժամանակն է՝ ՄՆ-ը դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին և վերանայի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Ադամ Շիֆ (Կոնգրեսական) - «Եթե ԱՄն դաշնակիցը ներգրավում է օտարերկրյա զինյալների Սիրիայից՝ խրախուսելով հետագա արյունահեղությունն ու խաղաղ բնակչության սպանությունը, ի՞նչ կարգի դաշնակից են նրանք։ Մենք պետք է խստագույն պայմաններ դնենք ոչ միայն Կկոնգրեսում, այլև վարչակազմից պիտի պահանջենք վերջ տալ երկու կողմին ուղղված հավասար կոչերին, երբ մեկ կողմն է ագրեսորը։ Մենք նաև պետք է վստահ լինենք, որ ամերիկացի ժողովուրդը հասկանում է՝ ինչ ռիսկի մասին է խոսքը։ Երբ մեր հայ դաշնակիցը հաձակման է ենթարկվում, երբ արցախցիները սպանվում են ադրբեջանցիների ռումբերի և հրետանու նշանառության տակ, երբ խաղաղ բնակչությունը թիրախավորվում է օտարերկրյա զինյալների կողմից՝ Թուրքիայի առաջկցությամբ, դա վտանգում է մեր բոլորի ազատությունը»։
Կալիֆոռնիայի նահանգային կոնգրեսական Ադրին Նազարանը դիմեց օտարերկրյա լրագրողներին։ «Ամերիկացիներին ու աշխարհին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին պատմելը ձեր մասնագիտական պարտքն է»,- ասաց նա։
Ադրին Նազարյանը փաստեց, որ պատմությունը կրկնվում է՝ իր տատն ու պապը 1920 թվականին Շուշիից են փախել՝ փրկվելով թուրքական սրից։ Ձեր պատասխանատվությունն է, որ մարդիկ այս ամենը պատմական համատեքստում հասկանան, ասաց նա։
Ադրին Նազարան (Կալիֆոռնիայի նահանգային կոնգրեսական) - «Եթե մենք իրոք նկատի ունենք «այլևս երբեք», հենց հիմա է դա իրագործելու ժամանակը։ Մինչդեռ մենք նայում ենք կողքից ու նույնիսկ չենք լուսաբանում։ Դաշնային կառավարությունը պետք է միջամտի՝ երաշխավորելով, որ թշմանությանը վերջ կդրվի, Թուրքիան դուրս գա հակամարտությունից, և որ Ադրբեջանի կառավարությունը չստանա ռազմական աջակություն, որը 25 անգամ բազմապատկվել է այս վարչախմբի օրոք։
Այժմ 400-ից ավելի լրագրող կա Հայաստանում, իսկ Բաքվում՝ գրեթե ոչ մեկը, որովհետև նրանք գիտեն՝ ինչ անօրինականություններ են անում, թիրախավորում խաղաղ բնակչությանը, նրանք գիտեն Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից եկած մուջահեդների և այսպիսի մասնակցության համակարգումը։ Հայաստանն էլ սա գիտի շատ լավ, քանի որ 30 տարի առաջ մուջահեդականներն էին աֆղանստանից բերվել Ադրբեջան։ Այժմ այսպիսի հանցագործներն են ներգրավվում»։
Կալիֆոռնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էնթոնի Ռենդոնը նշեց, որ բռնությունն ու ագրեսիան անկախության ու ինքնավարության ձգտող ժողովրդի հետ վարելու ճիշտ ձև չէ։ Նա կալիֆոռնիացիների անունից պահանջեց՝ վերջ տալ ագրեսիային:
Էնթոնի Ռենդոն (Կալիֆոռնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ) - «Հայերն այդ տարածաշրջանում 100 տարի առաջ ենթարկվել են ահավոր տանջանքների։ Թուրքիայի կառավարությունը դա չճանաչելով՝ այժմ էլ մեծ մասնակցություն ունի այսօրվա դեպքերին։ Վերջերս էլ տեղի խաղաղ հայ համայնքը բռնության ենթարկվեց, ինչը մենք չենք կարող ընդունել ոչ մի կերպ»։
Մարիա Էլենա Դուրազո (Կալիֆոռնիայի Նահանգային սենատոր) - Ես նախագահ Թրամփին և միջազգային հանրությանը կոչ եմ անում՝ օգնել վերջ դնել բռնությանն ու ագրեսիային։ Հարձակման ենթարկվող երեխաներն ու նրանց ընտանիքները արժանի են խաղաղ կյանքի։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները հայտարարեցին՝ Լոս Անջելես քաղաքը և նրա ղեկավարությունը կանգնած են ձեր կողքին, մենք տեսնում ենք ձեր ցավը, ձեր պայքարը ու պաշտպանում ենք ձեր շահերը։
Նուրի Մարտինես (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - «Պատերազմի առաջին օրից տեսնում ենք սիրտ կոտրող նկարներ։ Հարձակման ենթակված քաղաքացիների նկարներ, ռմբակոծվող գյուղեր ու ճանապահներ, ռումբերից փախչելով ապաստարաններում պատսպարված կանայք ու երեխաներ։ Պատսպարվում են ապաստարաններում՝ ռումբերից փախչելով։ Սպիտակ տանն ու Կոնգրեսին կոչ ենք անում դադարեցնել ռազմական աջակցությունը և պատասխանատվության կանչել Թուրքիային»:
Միթչ Օ Ֆերել (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելը հետևանքներ ոնի, և սա դրանցից մեկն է՝ ատելությունն ու բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք սատարում ենք Արցախին ու հայ ժողովրդին։
Մայք Ֆյուրեր (Լոս Անջելեսի քաղաքային դատախազ) - «Այսօր մենք բոլորս հայ ենք, քանի որ կանգնած ենք նրանց կողքին, ովքեր ողբում են ընտանիքի անդամի ու ընկերների կորուստը։ Այսօր մենք բելերս հայ ենք, քանի որ երբ միջազգային հանրության մեկ անդամը ագրեսիայի է ենթարկվում, ապա նշանակում է՝ բոլորն են ագրեսիայի զոհ դառնում»։
ԱՄՆ-ը պետք է գործի հենց հիմա: Հայաստանն ու Արցախը չեն կարող Թուրքիային և Ադրբեջանին միայնակ հակազդել, նրանք ընկերների ու դաշնակիցների կարիք ունեն՝ ասացին ամերիկացի պաշտոնյաները՝ փաստելով՝ ոչինչ չանելու գինը չափազանց բարձր է։