Ադրբեջանական մի շարք լրատվակայքեր և յութուբյան ալիքներ «Նիկոլ Փաշինյանն անընդհատ զանգահարում է Վլադիմիր Պուտինին» վերտառությամբ տեսանյութ են տարածում։
Կայքերից մեկը, մասնավորապես, հայտնում է, թե «Ռոսիա-1» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի կառավարության անդամների հետ ունեցած հանդիպումից, և իբրև թե այդ կադրերում երևում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ զանգահարում է Վլադիմիր Պուտինին։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը, ուսումնասիրելով տարածվող տեսանյութը, հայտնում է, որ այն մոնտաժված է, իսկ բովանդակությունը ներկայացվում է կոնտեքստից կտրված։ «Ռոսիա-1»-ի թղթակից Պավել Զառուբինի ինստագրամյան էջում կարող եք տեսնել
ռեպորտաժի իրական՝ չմոնտաժված տարբերակը։
Լրագրողը, ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային շաբաթը, նշում է, որ նախագահական հեռախոսը «չէր լռում»։ Նախագահի մամուլի ծառայությունն էլ փոխանցել էր լրագրողին, որ զանգահարողների մեջ եղել են մի շարք անձինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և այլք։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ադրբեջանական աղբյուրներով տարածվող տեսանյութը մոնտաժված է, իսկ բովանդակությունը՝ խեղաթյուրված։