Սա արդեն Ադրբեջան-Արցախ պատերազմը չէ, այլ սա հստակ Թուրքիայի ձեռագիրն է՝ Թուրքիա-Արցախ պատերազմ է։ Սա ոչ միայն պատերազմ է, այլև ոճրագործություն։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը շեշտեց, որ կոնկրետ ոճրագործություն է կատարվում խաղաղ բնակչության դեմ, ու անդադար հրետակոծում են Ստեփանակերտն այն դեպքում, երբ քաղաքը բնակեցված է, ու հիմա էլ բնակիչներից շատերն իրենց բնակարաններում ու ապաստարաններում են։
Հակոբյանն իրենց խմբակցության անունից հայտարարություն արեց․
«Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբեի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողություններ, որի ընթացքում կազմակերպված կերպով տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից։ Այս փաստը հաստատում են նաև մի շարք պետություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ և միջազգային ԶԼՄ-ներ։
Կարևորելով տարածաշրջանային անվտանգությունը, տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ՝ Արցախի և Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նրանց չեզոքացումը համակարգելու համար, որոնք փաստացի սպառնում են երկու պետությունների շահերին, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը և երկու պետությունների տարածքային ամբողջականությանը»։
Պատգամավորը կոչ արեց ԱՀ ԱԺ բոլոր խմբակցություններին միանալ այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ տվյալ կոչի ընդունումը շատ կարևոր է, որպեսզի Արցախը մասնակցի տարածաշրջանային անվտանգության ձևավորմանը և սթափ պետությունների հետ պայքարի ահաբեկչությունների դեմ։