ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ չնայած միջազգային հանրության՝ կռիվն անմիջապես դադարեցնելու բազմաթիվ կոչերին: Գուտերեշը խիստ անհանգստացած է ռազմական գործողությունների, այդ թվում՝ բնակավայրերի թիրախավորման փաստով. նրա խոսքն է մեջբերել խոսնակը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ հորդորելով անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Նա կոչ է արել տարածաշրջանային և միջազգային համապատասխան դերակատարներին՝ ակտիվորեն քայլեր ձեռնարկել մարտական գործողությունների հրատապ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու համար: