Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը: Հայտարարության մեջ ասված է.
«Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռառմբային զանգվածային հարձակումների տակ:
Խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն:
Ընդգծում ենք, որ հանցավոր եռյակ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, ովքեր հարձակողական զենք և զինամթերք են տրամադրում, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, անկասկած իրենց բաժին պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ շարունակվող հանցագործության համար:
Մասնավորապես՝ աղաղակող փաստ է, որ զենքի մատակարարումն իրականացվում է ընդլայնվող ռազմական ագրեսիայի պայմաններում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Կոչ ենք անում համապատասխան երկրների կառավարություններին դադարեցնել վտարյալ պետությունների և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը, դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռակողմ դաշինքին, ինչպես նաև չտրամադրել իրենց տարածքն ու օդային տարածությունը՝ Ադրբեջան և Թուրքիա ռազմական մատակարարումներ իրականացնելու համար:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, վերջ տալ Արցախի դեմ անմարդկային ագրեսիային և վերականգնել երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: