Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանը կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր, հատկապես, կասետային արկեր, հրթիռներ և ռումբեր՝ նշեց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ, ճիշտ է, Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային այս պայմանագրին չեն միացել, բայց մոտ 150 երկիր է այն ստորագրել, և սա կարելի է համարել միջազգային սովորութային իրավունք։
«Կասետային զենքերի լայն կիրառման հետևանքով բավականին շատ վիրավորներ ու զոհեր են արձանագրվել, և դրանք շատ մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար, քանի որ հատկապես Ստեփանակերտում խիտ կերպով կիրառվել են կասետային զենքեր, որոնք չեն պայթել և կարող են ժամանակի ընթացքում մեծ վտանգ ներկայացնել քաղաքացիական բնակչության համար։ Դրա համար կարող եմ ասել, որ երկարատև կտրվածքով Արցախի Հանրապետությունում առկա է լինելու մարդասիրական ճգնաժամ, եթե ոչ՝ աղետ»,- նշեց Բեգլարյանը։
Արցախի ՄԻՊ-ը հավելեց, որ մտահոգիչ է նաև վարձկանների կիրառումը հակամարտությունում, որն արգելված է և հղի է Արցախի բնակչության հանդեպ լուրջ վտանգներով։
«Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են անցել Արցախի ԶՈՒ որոշ զինծառայողների մարմիններ, և, հաշվի առնելով 2016-ին հայ զինծառայողների մարմինների հանդեպ կոպտագույն հանցագործությունները, մասնավորապես՝ գլխատման դեպքեր են եղել, մարմինների խոշտանգման, դիակապտության դեպքեր, այժմ վտանգը շատ մեծ է, որ այդ մարմինների հանդեպ էլ նմանատիպ ոտնձգություններ կիրականացվեն»,- նշեց Բեգլարյանը։