ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ:
Նա նշեց, որ մեր զորքերը համառ մարտեր են մղում` հետ շպրտելով հակառակորդին: Նույն ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվորեն սկսել են հրթիռակոծել Ստեփանակերտը: Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում:
«Ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ: Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ, իբր, ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը:
Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է, և այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի ապացուցում, թե որտեղից են կիրառվում տվյալ հրթիռային հարձակումները: Ընդհանրապես հարց է՝ հայաստանյա՞ն հատվածից են, Արցախի՞, թե այլ պատերազմի մասին է տեսանյութը:
Ուշագրավ բան նկատենք, որ շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես Հայաստանի մաս, և արդեն որերորդ անգամ է՝ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,- ասաց Հովհաննիսյանը: