Արցախում սեպտեմբերի 27-ից տեղի ունեցողն ահաբեկչական հարձակում է` ասում է վարչապետ Փաշինյանը գերմանական «Բիլդ» պարբերականի հետ հարցազրույցում: Իսկ ահաբեկչական հարձակման դեպքում նախ պետք է սեփական անվտանգությունը պաշտպանել. հենց այդ էլ անում է Հայաստանը: Իսկ Եվրոպայից վարչապետն ակնկալում է ավելի հստակ հայտարարություններ, առավել ևս, երբ հակամարտության գոտում են վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից՝ Թուրքիայի աջակցությամբ, ըստ էության առաջին քայլն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ - Ես կարծում եմ, որ հիմա այլևս այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ և գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է, որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, միջազգային առումով 3 պատճառով է շատ կարևոր: Առաջինը՝ Սիրիայից ահաբեկիչներ են Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Երկրորդը՝ Թուրքիայի զորքերը ներգրավված են այս գործընթացի մեջ, և դա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտությունն է։ Դրանք թուրքական կայսրությունը վերականգնելու գործողություններ են, որոնք մտնում են մի շարքի մեջ Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում Թուրքիայի ծավալած գործողությունների հետ: Եվ երրորդը՝ կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար:
Այս ամենը կանգնեցնելու համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նման լիդերների ձայնը կարող է մեծ ազդեցություն ունենալ: Վարձկանների մասնակցությունը հաստատել է նաև Իրանը: Հայաստանը կապի մեջ է նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայանի հետ, քանի որ Թրամփը վարակվեց կորոնավիրուսով։ «Իսկ ինչո՞ւ է միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս անվանում»,- հարցնում է գերմանացի լրագրողը: Վարչապետն այս հայտարարությունը տարօրինակ է համարում, հիշեցնում պատմությունը, որը հակառակորդը խեղաթյուրում է:
Նիկոլ Փաշինյան - Եթե վերադառնանք Խորհրդային Միության փլուզման փուլին, կտեսնենք, որ ինչպես Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կրկին լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Ադրբեջանից՝ ընդ որում, օգտվելով Խորհրդային Միության օրենքներով և Սահմանադրությամբ առկա իրավունքից: Եվ, հետևաբար, ինչու, օրինակ, Ադրբեջանը կարող էր Խորհրդային Միությունից անկախ դառնալ, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չէր կարող Խորհրդային Միությունից անկախանալ: Շատերը կարող են ասել՝ բայց չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի կամ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ գոյություն չուներ նաև Խորհրդային Ադրբեջանը, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անկախություն էր ստանում: Եվ, հետևաբար, եթե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանն էլ պատկանում է Խորհրդային Միությանը:
Խորհրդային միությունից այսօրվա ռուսական բանակի հնարավոր օգնության մասին. վարչապետն ասում է՝ Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ: Պայմանագիրը հստակ ձևակերպում է, եթե կոնկրետ դեպքերը վրա հասնեն՝ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Մենք էլ ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիաներ՝ մեզ պաշտպանելու էրդողանական քաղաքականությունից:
Նիկոլ Փաշինյան - Սա նաև Թուրքիայի և Էրդողանի կայսերապաշտական քաղաքականության հետևանքն է։ Խնդիրն այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում: