ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ դեղատնային գործունեության ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները փոփոխվել են։
Մասնավորապես, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է 158.1-ին հոդվածով։ Ըստ այդմ՝ «Հոդված 158.1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը
1. Դեղատնային գործունեության լիցենզավորված անձի կողմից ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվություն` առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
2020 թ․ հոկտեմբերի 2-ին պաշտոնապես հրապարակված սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թթ․ ապրիլի 1-ին: