Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։
Մասիս Մայիլյանը գլխավոր քարտուղարին նաև տեղեկացրել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները կոպտորեն և զանգվածային կերպով խախտելու փաստերի մասին: Նամակում նաև ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է Եվրոպայի խորհրդի տարածքում նոր ռազմական առճակատում նախաձեռնելու և թեժացնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու և Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։
Մասիս Մայիլյանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին կիրառել իր բոլոր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնելու Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող՝ որևէ արդարացում չունեցող բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և շարունակվող պատերազմական հանցագործությունները: