Արցախա-ադրբեջանական սահմանին մարտերը շարունակվում են նույն՝ հյուսիսային և հարավային ուղղություններով՝ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: Մարտերն այսօր նույնքան ծանր չեն եղել, որքան նախորդ երկու օրերին, բայց հառակարորդը նորից ձեռնարկել է հարձակողական գործողություններ:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարության, նախագահի և նրա ընտանիքի մակարդակով ապատեղեկատվություն է տարածվում՝ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: Երեկ նրանք միմյանց շնորհավորում էին Մատաղիսը գրավելու կապակցությամբ: Այսօր արդեն հակառակն է փաստում տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերի հրետանային կրակի տակ ադրբեջանցի զինծառայողները փախուստի դիմում:
«Ես երեկ հարց ուղղեցի. եթե վստահ է, որ Մատաղիսը գրավել են, ապա ինչո՞ւ չի այցելում: Մենք ունենք կասկածներ, որ սեփական երկրում Ալիևը գտնվում է ինֆորմացիոն բլոկադայում: Երկրի գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել և էժանագին լուրեր տարածում, որոնք շատ հեշտ տեսանյութերով հերքվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
«Գանձակ քաղաքի օդանավակայանին հասցված հարվածից հետո տեսանք,- ասում է ՊՆ ներկայացուցիչը,- որ Ալիևն անտարբեր է սեփական ժողովրդի հանդեպ»:
«Այն դեպքում, երբ Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հարվածներից հետո շատ լավ իմանալով, որ Հայաստանի, Արցախի զինված ուժերը կարող են պատասխան հարված հասցնել ռազմական նշանակության օբյեկտներին, որևէ քայլ սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար չեն արել: էս ամենը շատ խոսուն է, որևէ նշանակալի գործողություն չեն կարողացել իրականացնել, հետ են շպրտվել»,- նշում է նա:
Հայաստանի սահմաններին հարաբերական հանգիստ է, զինված ուժերը հետևում է հակառակորդի հետախուզական նկրտումներին,- հայտարարեց Հովհաննիսյանը: Իսկ «Երևանը վտանգվա՞ծ է» հարցին պատասխանեց. «Երևանը վտանգված չէ, բայց, այնուամենայնիվ, պատերազմում ենք գտնվում»,- վստահեցրեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանից հարվածներ հասցնելու մասին լուրերին՝ Արծրուն Հովհաննիսյանը դրանք որակում է հակառակորդի սանձարձակ գործողությունները լեգիտիմացնելու հնարք, բայց վստահեցնում է, որ այդ գործողություններն անպատիժ չեն մնա:
«Մեր զորքի մարտական ոգին շատ բարձր է, մանավանդ ժամկետային զինծառայողներինը, ուղղակի աչքերը փայլում է իրենց իրականացրած գործողությունների քաջությունից,- ասաց Հովհաննիսյանը:- Մեր տղաների սխրանքների օրինակներն անսահման են: Բոլորը կներկայացվեն հերթով»: