ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական կողմից Արցախի բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները։
«Սեպտեմբերի 27-ից, երբ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ պատերազմ են սկսել Արցախի դեմ բոլոր ուղղություններով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, Արցախի Հանրապետությունում պարբերաբար գրանցվում են մարդկային զոհեր, վիրավորներ, գույքային վնասներ՝ և՛ մասնավոր, և՛ հանրային նշանակության»,- նշեց Բեգլարյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց վիճակագրություն և նշեց, որ այս օրերին նրանց հիմնական թիրախը եղել է Ստեփանակերտն իր բնակչությամբ։
«Մինչև երեկ զոհվել է 19 քաղաքացիական անձ, որից 1 երեխա, 7 կին և 11 տղամարդ։ Եղել է դիտավորյալ թիրախավորում քաղաքացիական բնակչությանը, քանի որ, օրինակ՝ ԱԹՍ-ի միջոցով հավանական չէ, որ նրանք կարող են շեղվել և Հադրութում բնակելի տան վրա կրակել։ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված հատվածներին հարվածել, մարդկային և նյութական մեծ վնասներ հասցնել, միգուցե նաև խուճապի և ահաբեկման նպատակներ են ունեցել»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ վիրավորիների թիվը 80 է, որից 60-ը լուրջ վիրավորումներ ունեն։
Թշնամու թիրախում հատկապես բնակավայրերի կենսական նշանակության ենթակառուցվածքներն են՝ էլեկտրաէներգիայի մատակարարման, կապի միջոցները, ջրատար և գազատար համակարգերը։
«Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել ամբողջությամբ շարքից հանել քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ հանցագործություն է, քանի որ կարող է հանգեցնել մարդասիրական լրջագույն աղետի»,- նշեց Բեգլարյանը։