ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի է պահել կորոնավիրուսի առաջին թեստի դրական արդյունքները: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը:
Ամերիկացի առաջնորդը չի հրապարակել վարակի արագ թեստի դրական արդյունքը և սպասել է երկրորդ՝ ավելի մանրակրկիտ հետազոտության արդյունքներին: Նախագահը, փաստորեն, իր վարակվածության մասին հայտարարել է դրա մասին տեղեկանալուց մի քանի ժամ անց:
Թրամփը հիվանդ վիճակում նաև հարցազրույց է տվել լրատվամիջոցներին, որի ժամանակ խոսել է իր օգնական Հոուփ Հիքսի հիվանդության մասին, բայց չի բացահայտել իր թեստի դրական արդյունքը: Բացի դրանից՝ ԱՄՆ ղեկավարը խնդրել է իր խորհրդականներից մեկին՝ չտարածել այդ մասին լուրը:
ԱՄՆ նախագահը դեռ չբուժված՝ նաև դուրս է եկել հիվանդանոցից և մեքենայով անցել ամերիկացիների բազմության կողքով, որենք հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու նրան: Մեքենայով այդ պտույտից հետո Թրամփը վերադարձել է հիվանդանոց:
Բժիշկները հայտնել են, որ նախագահին նշանակել են ստերոիդ դեքսամետազոն, որը սովորաբար տրվում է ծանր ախտանիշներով հիվանդներին: Թրամփին նաև խորհուրդ է տրվել օգտագործել թթվածնի դիմակ՝ արյան մեջ թթվածնի մակարդակի անկումը կանխելու համար:
Բժիշկները չեն բացառում, որ նախագահը կարող է երկուշաբթի դուրս գրվել հիվանդանոցից և բուժման կուրսն ավարտել Սպիտակ տանը: