Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ:
Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։
ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը և խստորեն դատապարտել այն։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորել է կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը: