ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ խոսեց այսօրվա սահմանային դրության մասին։
Հովհաննիսյանը նշեց, որ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սկսել են մասսայական հրթիռակոծությունը Արցախի բնակավայրերի ուղղությամբ: Արցախի պաշտպանության բանակի զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս այս գործողություններին՝ թիրախավորելով բացառապես ռազմական օբյեկտները։
«Ադրբեջանի բոլոր այն մեղադրանքները, որոնք ուղղված են հայկական կողմին, ապատեղեկատվություն են և ոչնչով հիմնավորված չեն։ Այսօր առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հակառակորդը նորից փորձել էր ձեռնարկել լայնածավալ հաձակման փորձ՝ կիրառելով մեծաթիվ ուժեր։ Նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին ապացուցել տեսանյութերով՝ հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու մասին, բայց դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ։
Մեր զորքերը մարտավարական հնարամիտ, գրագետ խուսանավումներով, գրագետ գործողություններով հակառակորդին կարողացել են հետ շպրտել՝ մոտ 200 և ավելի զոհ տալով միայն հարավային ուղղությամբ և միայն այսօրվա ընթացքում։
Մարտերը բավականին թեժ են եղել, և մեր կողմից կատարվել է գրագետ խուսանավում»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ խոստանալով վաղը՝ ամփոփման ժամանակ, ներկայացնել երկու օրվա արդյունքներով հակառակորդի կորուստները։