Ցավոք, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, բացի զինվորականներից, սպանվածներ և վիրավորներ ունենք խաղաղ բնակչության շրջանում։ Ցավակցում ենք նրանց հարազատներին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին Պաշտպանի աշխատանքը եղել է խիստ թիրախային, նպատակը՝ պարզել հարձակումների տրամաբանությունը, քանի որ սա ուղիղ առնչվում է մարդու կյանքին, առողջությանը, իրավունքներին։
«Մենք պետք է աշխարհին ցույց տանք այդ հարձակումների քաղաքական նենգ բնույթը, որն ակնհայտ էթնիկ զտման նպատակ ունի»,- ընդգծեց Պաշտպանը։
Ա․Թաթոյանն ասաց, որ հակառակորդը քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածում է մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներով, ինչը ցույց է տալիս, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր է թիրախավորվում։
Նրա խոսքով՝ այդ զինատեսակներով թիրախավորվում են խիտ բնակեցված բնակավայրերը, օրինակ՝ Ստեփանակերտը և Հադրութը։
ՄԻՊ-ի հավաստմամբ՝ բոլոր ապացույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներ։
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարվածները լինում են երեկոյան ժամերին, երբ մարդիկ տանն են կամ նույնիսկ քնած են։ Այդ հարձակումների նպատակն է խաղաղ բնակչությանը պատճառել առավելագույն վնաս։ Խոսքը և Արցախում, և Հայաստանում հրթիռակոծության մասին է»,- նշեց նա։
Անդրադառնալով մարտական գործողություններին վարձկանների ներգրավվածությանը՝ Թաթոյանն ասաց, որ դա արդեն միջազգայնորեն ապացուցված փաստ է, հանցագործություն է, և այդ ռեսուրսն օգտագործած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։