Օր 9-րդ, Արաքսից մինչև Օմար: Ռազմական գործողությունները շարունակվում են: Հրաձիգ, կապավոր թե հրետանավոր՝ շարունակում են պայքարը, կարևորը՝ հավատով, որ հաղթելու ենք. «Չենք հոգնել, ինչքան պետք ա՝ կդիմանանք, դուխները տեղն ա: Մեզ էլ դուխ են տալիս, կողքից, գիտենք՝ ժողովուրդը կողքին ա ու հաստատ հաղթելու ենք»:
Կրակային դիրքում հրետանավորներն են: Պատրաստվում են հուժկու հարվածներով ոչնչացնել հակառակորդի մարտական դիրքերը: Մի խումբը խոցում, մյուսները ներսում՝ տեսախցիկով են հետևում արդյունքին:
Առաջնագծում արձանագրում են հակառակորդի յուրաքանչյուր շարժ, արագ հրահանգում, թիրախը խոցում:
Հայ զինվորը բարձր պատրաստվածության կռիվ է տալիս, բացի արկերից, ասելիքը նաև բանավոր է: Ռազմաճակատում սպա, շարքային ու պահեստազորային հավասար մարտական խնդիր են կատարում: Կարևոր առաքելության համար են մարտադաշտ եկել:
Ծնողներին հորդորում են շատ չմտածել, կռիվ է, հայրենիքն են պաշտպանում. «Կվստահեցնենք, որ ամեն ինչ լավ ա լինելու և ամեն ինչ մեր սրտով ա լինելու: Մենք հաղթելու ենք, հաստատ, և թող ոչ մեկ իրա հույսը չկորցնի»:
Պատերազմում հերոսական դրվագները շատ են: Պատմություններից մեկի հերոսն էլ մայոր Արամայիս Թևանյանն է: Հոկտեմբերի 2-ին մարտական դիրքում ճիշտ հաշվարկի արդյունքում խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: