Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
ԱԳ նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։
ԱԳ նախարարը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններում Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը հանգեցնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։
Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: