ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մարտակոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրված զինվորներին, որպեսզի ներկայանան կենտրոնական հավաքակայան:
Վարչապետը մեկնաբանեց՝ օրենսդրության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները ենթակա չեն զորակոչի: Սակայն վերջին մեկ տարում զորացրվածներն ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են:
«Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը: Սա նոր Սարդարապատ է»,- շեշտեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով, սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ՝ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն: «Այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից: Եթե ոտքի չկանգնենք, բոլորս ենթարկվելու ենք ցեղասպանության»,- ասաց վարչապետը:
Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ նոր զորացրվածներին իրենք չեն հրավիրում ուղղակի մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու: «Իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու»,- հայտարարեց վարչապետը:
«Ինչպես ասել եմ՝ սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը պետք է ջարդենք, և մենք պետք է հաղթենք: Այսպիսի 10 հազար տղա կա այսօր ՀՀ-ում, և եթե այս 10 հազար տղաներից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»,- ասաց Փաշինյանը: