«Ավրորա» հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ՝ ուղղված Ռուսաստանի նախագահին, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ռուս մտավորականությանը, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, Հայաստանի երիտասարդությանը, Վրաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին և ողջ հայությանը:
Իր ուղերձում Ռուբեն Վարդանյանը դիմում է նաև միջազգային հանրությանը, որում մասնավորապես ասում է. «Գիտեմ, որ խնդիրները բազմաթիվ են՝ համավարակ, տնտեսական ճգնաժամ, ընտրություններ, քաղաքական բանավեճեր, հանրաքվե և իշխանության փոփոխություն: Հասկանում եմ, որ այս ամենը չափազանց կարևոր է, բայց այսօր, ինչպես և տասնամյակներ առաջ, ես համոզված եմ, Արցախում է որոշվում մարդկության ապագան: Եթե միջազգային հանրությունը հերթական անգամ անտեսի «փոքր» ազգի թվացյալ «փոքր» խնդիրը, կստանա ահռելի ուժգնության փոթորիկ, որը կջնջի բազմաթիվ երկրներ և կփոխի մոլորակի աշխարհակարգը: Կոչ եմ անում անել հնարավորը այս պատերազմը դադարեցնելու համար»: