Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Պեկկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։
Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ և զանգվածային թիրախավորումը, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։
ՀՀ ԱԳ նախարարը խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, ինչն արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։