ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հարց - Ի՞նչ արձագանք եք դուք ակնկալում Ուկրաինայից։
Շավարշ Քոչարյան - Չեզոք: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։
Մի փաստ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն է։ Այն ինքնորոշվել է Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։
Հարց - Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարվածներ հասցնելու մասին։ Արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ տեսակի զենք են կիրառել, և կա՞ն արդյոք կորուստներ։ Եվ ի՞նչ է դա ենթակառուցվածքների դեպքում։
Շավարշ Քոչարյան - Գիտեք, հարցն այն չէ, թե ինչ տեսակի զենքից են կրակել, այլ այն, որ կրակել են, և ոչ միայն Ստեփանակերտի ուղղությամբ, այլև ամբողջ բնակելի տարածքների ուղղությամբ, ներառյալ՝ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Սրանք փաստեր են։ Իհարկե, երկու կողմից էլ զոհեր կան այդ ագրեսիայի հետևանքով։ Իհարկե, Ադրբեջանը կրում է անհամաչափ մեծ կորուստներ։ Սակայն բոլոր դեպքերում, այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ։ Առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքում առկա է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, իսկ առաջնագիծ նրանք ուղարկում են ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին։
Հարց - Դուք ապացույցներ ունե՞ք թուրքական ներգրավվածության վերաբերյալ։ Եթե այո, ապա ինչպիսի՞։
Շավարշ Քոչարյան - Բազմաթիվ ապացույցներ: Հենց միայն այն, որ F16 ինքնաթիռը, որը, մենք համոզված ենք, խոցել էր հայկական ինքնաթիռը, այն հենց հիմա և ոչ միայն այդ մեկը տեղակայված է Ադրբեջանում, և մասնակցում են այս մարտական գործողություններին թուրքական ԱԹՍ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում են հենց թուրքական կողմից։
Հարց - Կցանկանայինք ձեզանից որքանով հնարավոր է շատ տեղեկանալ այլ երկրների դերակատարության մասին։ Մասնավորապես, Իսրայելի դեպքում, ինչու հետ կանչվեց դեսպանը։ Ի՞նչ դերակատարություն ունի Իսրայելը։ Ինչպե՞ս եք դուք այն գնահատում։
Շավարշ Քոչարյան - Հարցն այն է, որ Իսրայելից դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Դա կապված է նրա հետ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է բիզնեսը, երբ այսօրվա ագրեսորին վաճառում են զենքեր: Սակայն երբ այդ զինամթերքը ուղարկվում է մարտական գործողությունների ժամանակ, դա անընդունելի է։ Խոսքը դրա մասին է: Դա վերաբերում է ցանկացած պետության, ոչ միայն Իսրայելին, որը մարտական գործողությունների թեժ պահին մեր հակառակորդին զենք է մատակարարում, այն դեպքում, երբ այն իր յուրաքանչյուր հարձակման ժամանակ անընդհատ զենք է կորցնում։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ռազմական գործողությունների ձգձգում՝ հակառակ ՄԱԿ-ի ԱԽ խորհրդակցությունների ժամանակ արված կոչերին, հակառակ ԵԱՀԿ կողմից հնչած կոչին, և ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահները միանշանակ հայտարարեցին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։