Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ուղիղ միացմամբ պատասխանում էր հայրենակիցների հարցերին ու ներկայացնում երկրի իրավիճակը։
«Թուրքիան իր խամաճիկ և իրականում պետականության որևէ նշույլ չունեցող Ադրբեջանի հետ միասին մեր դեմ է նետել իրենց զինված ուժերին, զենքն ու զինամթերքը, տարբեր տեռորիստական խմբավորումներ Սիրիայից՝ այն հույսով, որ կարողանալու են մեզ ահաբեկել, սակայն արդեն ութերորդ օրվա ավարտն է, ու մեր հերոսական զինված ուժերը, կամավորները դիմադրում են, պահում մեր սահմանները և շատ ծանր հարվածներ են հասցնում մարդասպաններին»,- ասաց Սինանյանը։
Նա շեշտեց, որ հակառակորդը հարձակման անցնելուց առաջ չէր սպասում, թե ինչ հերոսությամբ և համառությամբ է հայը պաշտպանելու իր սահմանները։
«Ութ օր մեր դեմ նետելով տասնյակ հազարավոր հետևակ, հարյուրավոր տանկեր, տասնյակ ինքնաթիռներ, մի քանի հարյուր դրոններ՝ չեն կարողացել որևէ արդյունքի հասնել»,- ասաց Սինանյանը։
Նա կոչ արեց Սփյուռքին՝ շարունակել հայրենիքին օգնություն ցուցաբերել՝ այդկերպ կանգնելով զինվորի կողքին։ Սինանյանը նշեց, որ սփյուռքահայերը կարող են իրենց աջակցությունը հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Սինանյանը կարևորեց նաև սփյուռքահայերի ազդեցությունը այդ երկրներում հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Սինանյանը շեշտեց՝ մեր պայքարն արդար է։