ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի (Steering Committee for Education Policy and Practice, CDPPE) 14-րդ լիագումար նիստի ամփոփման օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան, որն սկսվել է սեպտեմբերի 27-ից և շարունակվում է առ այսօր:
Հայաստանի ներկայացուցիչը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանն ըստ էության այն միակ երկիրն է, որ համավարակի պայմաններում լայնածավալ ագրեսիա է սկսել՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիրեշի՝ դեռևս այս տարվա մարտի 23-ին հնչեցրած կոչը, որով նա աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հորդորել էր զենքերը վայր դնել` պատերազմելով համամարդկային սպառնալիք հանդիսացող COVID-19-ի դեմ:
Ընդգծելով, որ ԵԽ-ի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի առաջնային խնդիրներից է բոլոր սովորողների համար կրթական ապահով միջավայրի ստեղծումը, յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը և շարունակականության ապահովումը՝ Ա.Մարտիրոսյանը կոչ է արել միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանում և Արցախում ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում ուսումնական հաստատությունների թիրախավորումը:
Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտե հեռավար նիստը ընթացել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցել են շուրջ 50 պետությունների կրթության ոլորտի բարձրաստիճան պատասխանտուներ, կրթական հիմնախնդիրներով զբաղվող եվրոպական և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է «Կրթության արձագանքը COVID-19 ճգնաժամին» քաղաքական հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ԵԽ անդամ երկրների նախարարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք նիստում: Հռչակագիրը առնչվում է 4 հիմնական ոլորտների՝ կրթության միջոցով ժողովրդավարության ամրապնդում, սովորելու և ուսուցանելու եղանակների նորացում, որակավորումների գնահատում և ճանաչում, առավել խոցելի ուսանողների կրթության իրավունքի ապահովում:
Մասնակիցները քննարկել են նաև ԵԽ-ի «Իրավասություններ ժողովրդավարական մշակույթի համար» փաստաթղթի կատարման ընթացքը, մասնակից երկրների մոտեցումները ներառական կրթության ոլորտում, Եվրոպայում պատմության ուսուցանման ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրումը, թվային քաղաքացիական կրթությունը, փախստականների, միգրանտների և խոցելի խմբերի համար կրթության կազմակերպումը և այլն: