Արցախցի Մարկ Մարատի Զախարյանն իր առաջին ատամը հանեց ծննդավայր Ստեփանակերտից հեռու, բայց ոչ պակաս հարազատ միջավայրում ՝ Նուբարաշենում, ընդամենը 3 օրում հարազատ դարձած մարդկանց միջավայրում: Հյուրընկալող ընտանիքում ուրախությամբ արձանագրեցին՝ մի սուր ատամ էլ ավելացավ թշնամու գլխին, ու հատուկ փոքրիկի համար գեղեցիկ տոն կազմակերպեցին:
Սեպտեմբերի 26-ին լրացավ Մարկի 6 ամիսը, իսկ 27-ին՝ նկուղում մի ամբողջ օր անցկացնելուց հետո երկու քույրերը՝ Սիրունն ու Անգելինան, փոքրիկ երեխաների հետ բռնեցին Երևանի ճամփան: Երկուսի ամուսինն էլ զինվորական են՝ գնացին առաջնագիծ: Հայաստանում նրանց հյուրընկալել են Նուբարաշենում: Ասում են՝ հարազատի պես են ընդունել, բայց վայրկյաններն են հաշվում, թե երբ կվերադառնան սիրելի Ստեփանակերտ:
Մարկը դժվարությամբ ու անհանգիստ վիճակով, բայց, այնուամենայնիվ, ծակեց ատամը, և հյուրընկալ նուբարաշենցիները տոնի առիթը բաց չթողեցին:
Քույրերից Անգելինան սպասում է 3-րդ բալիկին. այս պահին միայն մի բան է խնդրում Արարչից, որ Աննան կամ Դիանան ծնվի խաղաղ Ստեփանակերտում, ու քանի որ հավատում է, որ հենց այդպես է լինելու, արդեն հիմա բոլոր նոր հարազատներին Ստեփանակերտ է հրավիրում:
Իսկ Մարկի տոնը, ասում են, այնպես են կազմակերպել, որ ձայնը մինչև առաջնագիծ հասնի: