ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում կոչով դիմել է ուսուցիչներին:
«Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։
Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը ստիպված են լինելու զգալի ռեսուրսներ ուղղել համավարակի դեմ պայքարին այն իրավիճակում, երբ դա կարող է ճակատագրական նշանակություն ունենալ պատերազմից վիրավոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց բժշկական օգնությունը տեղ հասցնելու, կյանքեր փրկելու համար։
Կրթական համայնքը մեծ ուժ է, մենք մի քանի հարյուր հազար մարդ ենք։ Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր աշակերտներին, նրանց ծնողներին հորդորել պահպանել կանոնները, սրտացավությամբ հետևել, որ դրանք պահպանվեն ձեր շրջապատում, թեթևացնել ընդհանուր հոգսը։
Անենք մեր բաժին գործը, օգնենք պետությանը»,- գրել է փոխնախարարը։
Ի հավելումն Ժ.Անդրեասյանի գրառման՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետք է յուրաքանչյուրս մեր տեղում աջակցենք այս գործին՝ երկրորդ ճակատը չունենալու համար:
«Հարգելի՛ հայրենակիցներ, մի խնդրանք՝ դպրոցներ բացելու, փակելու, հեռավարի անցնելու, առկայի մնալու մեկնաբանությունները ջնջվելու են, գրողները բլոկ են արվելու: Պատերազմական այս իրավիճակում նման մեկնաբանությունները միայն խուճապ են տարածում, ուրիշ ոչնչով գործին օգուտ չեն տալիս: Մենք դպրոցները բացել էլ գիտենք, փակել էլ, հեռավարի անցնելն էլ, առկա թողնելն էլ:
Հ.Գ. Անցած երեք օրերին բացակաների թիվը եղել է փոքր՝ մինչև 3 տոկոս՝ ՀՀ բոլոր դպրոցներում»,- գրել է նախարարը: