«Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլև մայրաքաղաք Ստեփանակերտը՝ «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով»,- հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա շեշտեց՝ Ստեփանակերտի վրա ամեն վայրկյան պտտվում են տարբեր անօդաչու սարքեր, որոնք չեն դադարում հրթիռակոծել մայրաքաղաքը:
«Այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել, նշել էի ժամանակին, հուշել, զգուշացրել՝ Գանձակ քաղաքին։
Ափսոսում եմ, որ խփել ենք մեր պատմական Գանձակին՝ Գյանջային, բայց խփել ենք, որովհետև նրանց զինվորականների մշտական տեղակայման վայրերն են դարձել: Խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել։
Ուշքի՛ եկեք, որովհետև շարունակելու ենք խփել այլ քաղաքների, եթե անհրաժեշտություն լինի՝ ավելի մեծ քաղաքների։ Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ։ Ի դեպ, հրամայել եմ դադարեցնել որոշ ժամանակ խոշոր քաղաքների վրա հրթիռային հրետակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին»,- ասաց Հարությունյանը։
ԱՀ նախագահն ասաց, որ շարունակելու ենք պայքարը. մինչև վերջին մարդը, վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու։
«Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը»,- շեշտեց ԱՀ նախագահը։