ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել ղազախական Atameken Business News հեռուստաընկերությանը: Նա նշել է, որ այս փուլում կարելի է խոսել միայն ու միայն հրադադարի ռեժիմի վերականգնման մասին, ինչպես և դա նախատեսված էր Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994-95 թթ. կնքված եռակողմ համաձայնագրերով: Միայն դրանից հետո կարելի է խոսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների մասին:
«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, որը կարող է շարունակվել միայն 1994-95 թթ. համաձայնագրերով նախատեսված ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերականգնումից հետո, ապա գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ ստացած ձևաչափ, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Ավելին՝ Անվտանգության խորհրդի վերջին նիստի ընթացքում մի կողմից կրակի անհապաղ դադարեցման, մյուս կողմից՝ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելու մասին կոչ է արվել: Մինսկի խումբն արդեն իսկ հայտարարություն է տարածել զինադադար հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչին և պետք է հետևի բանակցությունների վերսկսումը»,- ասել է փոխարտգործնախարարը:
Նա ընդգծել է, որ հայկական կողմը երախտապարտ է բոլոր գործընկերներին անմասն չմնալու և ուժի, ուժի կիրառման սպառնալիքի անընդունելի լինելու դիրքերից անվերապահորեն հանդես գալու համար: