Մեքենաներով բերում, կամավորներն էլ ըստ անհրաժեշտության տեսակավորում են, փաթեթավորում: Չեն մոռանում մակագրել՝ մաղթանքներն էլ ուժ կտան սահմանը պահող զինվորին:
Գիշերը չեն քնում, աշխատում են հերթափոխով: Մոտ 200 կամավոր բաժանվել են խմբերի, տեղում ստեղծել բացօթյա պահեստ: Սնունդը, հագուստը, մնացած ապրանքները դասավորում են գծանշված պահեստում, հետո բարձում մեքենաներն ու ուղարկում պահեստ, որտեղից էլ ուղղությունը՝ առաջնագիծ:
Կամավորների խումբը կապի մեջ է պաշտպանության նախարարության հետ: Ասել են՝ ոչնչի կարիք չունեն, պահեստներում ամեն ինչ կա: Բայց կամավորները տանը նստելու փոխարեն գերադասում են պահեստավորել ինչ հնարավոր է, գուցե պետք գա:
Դավիթ Հարությունյան (կամավոր) - Ցանկալի է շուտ ռացիաներ հավաքել՝ մինչև 2 կմ հեռավորության, սնունդից՝ պահածոյացված մետաղյա տարաներով սնունդ, ծխախոտ:
Հավաքված դեղորայքի հարցերով զբաղվում են ուսանող բուժքույրերը: Ուղարկում են առողջապահության նախարարության տեսակավորման կետ, մնացած հարցերով կառույցն է զբաղվում:
Կաշխատեն ինչքան պետք լինի, միայն թե սահմանին ոչնչի պակաս չլինի: Գործին զուգահեռ տղաները նաև կամավորագրվել են, սպասում են իրենց հերթին: Աղջիկներն էլ ասում են՝ արկղերի մեջ ուղարկում են նաև մեծ սեր՝ մինչև վերադառնան: