Կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել՝ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին:
«Ես կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր «խորը» զինվորական գիտելիքներով երևի խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործվելով ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր: Եթե դա իր համար դեռ մարտական գոտու ընդլայնում չէ, թող մասնագետները եզրակացություն անեն»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները պատասխանում են Ադրբեջանի ԶՈՒ-ին: «Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի»,- ասել է նա: