Այս պահին մարտերը շարունակվում են հյուսիսային ու հարավային ուղղություններով՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ մարտերն այսօր չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը, ինչ նախորդ օրերին։ Հակառակորդը ձեռնարկել է հարձակողական գործողություններ նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր։ Սակայն, ըստ Հովհաննիսյանի՝ հայկական զինված ուժերը հետ են մղել դրանք՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հակառակորդն այսօր տվել է 400 զոհ, 700 վիրավոր։ Խոցվել են 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ։
«Երեկ և այսօր մարտական գործողություններն աչքի ընկան լայնածավալ ապատեղեկատվությամբ, որը տարածում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարությունը՝ այդ երկրի նախագահը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, իր ընտանիքի անդամները, որոնք նաև զուգահեռաբար փոխնախագահի պաշտոն ունեն։ Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսը գրավելու կապակցությամբ, թվարկում էին մյուս փոքր բնակավայրերը, որոնք Մատաղիսին հարակից են, իսկ այսօր մենք հրապարակեցինք այն տեսանյութը, որ հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում՝ հայկական զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ այսօր էլ Ալիևը շարունակել է ապատեղեկատվություն տարածել՝ այս անգամ իբր Ջեբրայիլը գրավելու մասին:
«Ես երեկ հարց ուղղեցի՝ եթե Ալիևը վստահ է, որ Մատաղիսն ազատագրել են, ապա ինչո՞ւ չի այցելում Մատաղիս։ Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հակառակորդի մոտ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա, և զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը Ալիևը փորձում է օգտագործել՝ զուգահեռ ոգևորվելով կեղծիքով։
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ այսօր Գյանջային հասցված վնասից հետո նկատելի էր Ալիևի անտարբերությունը բնակչության հանդեպ, քանի որ որևէ քայլ չէր ձեռնրակել բավական մեծ քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար։
«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը որևէ մարտական գործողություն չէին կարողացել իրականացնել թեկուզ նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի գործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր՝ շնորհիվ մեր հակաօդային և այլ ստորաբաժանումների գործողությունների»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, և դրա համար այսօր նրանց կորուստներն ավելի շատ են եղել, առաջխաղացումները՝ ավելի չնչին։