«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց, որ բարձր է գնահատում հանգանակության ընթացքը, քանի որ դրան մասնակցում են բոլորը։ Արդեն հավաքվել է շուրջ 23 միլիոն դոլար։
«Մեր ամենամեծ նվիրատվությունը 500 հազար դոլարն է, որ Մայր Աթոռն առաջին օրը միանվագ փոխանցեց։ Մասնակցությունը Սփյուռքում՝ հատկապես Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում և Ֆրանսիայում շատ-շատ բարձր է։ Կալիֆոռնիայի հայ համայնքը փոխանցել է շուրջ 7 միլիոն դոլար, Ֆրանսիան մոտ 700-800 հազար դոլար է հավաքել։
Այստեղ մի խնդիր կա. ուր են այն մարդիկ, ովքեր խոշոր բարերարներ են, խոշոր բիզնեսմեններ են։ Խոսքը թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի բարերարների մասին է։ Սփյուռքի բարերարների հետ աշխատանքներ տանում ենք, և շատ շուտով դուք կլսեք մեծ թվերի մասին։ Կարճ ասած, այս գումարի մեջ Հայաստանի բիզնեսների կողմից փոխանցած գումարը կազմում է 2 միլիոն դոլար»,- նշեց Արշամյանը՝ հիշեցնելով՝ հիմնադրամը միակ խողովակն է, որն օգտագործվում է դրամական հոսքերի համար։
Հենց հիմա կայքում մոտ 2 հազար այցելու կա՝ նշեց հիմնադրամի գործադիր տնօրենն ու հիշեցրեց երեկվանից սկսված ֆլեշմոբի մասին, որ ցանկացած հայ աշխարհի տարբեր ծայրերից պետք է իր խնայողությունից 100 դոլար նվիրաբերի հայրենիքի պաշտպանությանը։
«Մենք սպասում ենք առաջին 1 միլիոն տվողին՝ հատկապես Հայաստանից։ Մենք պետք է 1 միլիարդ դոլար փող հավաքենք։ Մենք հսկայական պոտենցիալ ունենք։ Այս գումարը, որ հավաքել ենք, մեր ունեցած պոտենցիալի շատ չնչին տոկոսն է»,- եզրափակեց Արշամյանը։