Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ստեփանակերտի այսօրվա հրետակոծմանը: Նրա տեղեկացմամբ՝ երեկոյան Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կա 4 վիրավոր:
Բեգլարյանի խոսքով՝ երկու բնակելի շենք Ստեփանակերտում լրջորեն վնասվել են։ Բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել, արդյունքում՝ վիրավորների թիվն ավելի քիչ է:
«Ամենակարեւոր արձանագրումը`այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել: Նախքան դա`կրկին Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի չեն եղել:
Ակնհայտ է, որ դիտավորյալ թիրախավորված կերպով է եղել հարվածը՝ հաշվի առնելով հրթիռների դիպուկության աստիճանը: Հարվածի հետևանքով 7 վիրավորներ կան քաղաքացիական բնակչության ու փրկարար ծառայության աշխատակիցների շրջանում: Վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում: Այստեղ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին»,- ասաց Բեգլարյանը:
Նա հիշեցրեց նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի հրետակոծումը: Կատարվածը Բեգլարյանը որակեց միջազգային մարդասիրական օրենքի նորմերի կոպտագույն խախտում: «Սա Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է»,- ասաց Բեգլարյանը։